Դիվանագիտական սկանդալը Թուրքիայի և Ֆրանսիայի միջև կարող է բացասական ազդեցություն ունենալ որոշ տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի վրա, որտեղ ՆԱՏՕ-ի կազմում դաշնակից երկու երկրների դիրքորոշումները տարբերվում են:

Այս մասին գրում է Независимая Газета-ն՝ ներկայացնելով ՌԴ Տնտեսության բարձրագույն դպրոցի քաղաքական գիտությունների բաժնի դասախոս Գրիգորի Լուկյանովի տեսակետը: Վերջինս պարբերականի հետ զրույցում ընդգծել է, որ բոլոր տարածաշրջաններում, որտեղ ներգրավվում է Թուրքիան, լինի դա Սիրիան, Իրաքը, Լեռնային Ղարաբաղը, Լիբիան, Կիպրոսը, թե Միջերկրական ծովը, Ֆրանսիան հստակ բնորոշում է իր դիրքորոշումը, որը միշտ հակասում է թուրքական շահերին:

«Կանխատեսելի հեռանկարում կարելի է ասել, որ Փարիզը կուժեղացնի հակաթուրքական հռետորաբանությունը, սակայն դժվար թե կարողանա ավելին անել, քանի որ սահմանափակ են ռեսուրսներն ու հնարավորությունները: Որոշ տարածաշրջաններում, ինչպիսին օրինակ ԼՂ հակամարտության գոտին է կամ Պարսից ծոցը շրջանը, որտեղ նկատելի է Թուրքիայի ներկայությունը, Ֆրանսիան չի կարող ոչինչ հակադրել. նրանց ուժերը համեմատելի չեն:

Այն հարթակը, որտեղ Փարիզը կարող է ցույց տալ իր ազդեցությունը, Եվրամիությունն է»,-նշել է Լուկյանովը՝ հավելելով, որ Ֆրանսիան կարող է մի շարք մեխանիզմներ գործի դնել ԵՄ տարածքում, որպեսզի Թուրքիան փոխի իր արտաքին քաղաքականության ընթացքը՝ հաշվի առնելով որոշ արաբական երկրներում թուրքական ապրանքների բոյկոտը, որը լուրջ տնտեսական վնաս կարող է հասցնել Թուրքիային: