Ավստրիան արգելել է թուրքական Bayraktar ԱԹՍ-ի համար մասերի արտահանումը, գրում է ավստրիական Der Standard թերթը։

Ինչպես գրում է թերթը, հայ ցուցարարներն ավելի վաղ Գունսկիրխենում բողոքի ակցիա են կազմակերպել տեղի Rotax ընկերության դեմ, որի շարժիչները տեղադրվում են Bayraktar TB2 թուրքական ԱԹՍ-ներում:

Rotax-ն ավելի ուշ դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումները «երկրներ, որտեղ դրանց օգտագործման մասին տեղեկություններ հայտնի չեն»:

Թերթը նշում է, որ անօդաչու թռչող սարքերն Ադրբեջանի կողմից օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում։

Տեղեկությունը հաստատել է STANDARD ընկերության ներկայացուցիչը։ Ընդ որում, ընկերությունը հետևում է իր սեփականատիրոջ՝ կանադական Bombardier Group-ի օրինակին։

Ավելի վաղ կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտնել էր, որ դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ», ինչը տեղի է ունեցել այն տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց՝ այդ շարժիչներից որոշներն օգտագործվում են Ադրբեջան մատակարարված և Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պատերազմում կիրառվող թուրքական մարտական անօդաչուներում:

Քվեբեքում գործող BRP ընկերությունը հայտնել էր, որ անցած շաբաթ տեղեկացվել է այն մասին, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչուներում, գրում է cbc.ca կայքը:

«Մենք վերջերս տեղեկացվել ենք, որ Rotax շարժիչների մի մասն այժմ օգտագործվում է ռազմական անօդաչու սարքերում և անհապաղ մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել»,-Radio Canada International-ին ուղղված նամակում հայտնել է BRP ընկերության ավագ փոխնախագահ և խոսնակ Մարտին Լանգելյեն՝ հավելելով, որ միաժամանակ դադարեցնում են ավիացիոն շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»:

Մարտին Լանգելյեն շեշտել է, որ Ավստրիայում Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները արտոնագրված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար: