Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է: Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ընկած բոլոր բնակավայրերը: Եվ այդպես, գրեթե, ամեն օր: Սակայն արդեն տեսանելի է, որ հակառակորդի բոլոր ծրագրերը, այդ թվում՝ նաև հեռահար հարվածներով ու դիվերսիոն խմբերով ընկճել արցախահայությանը, աստիճանաբար կրախի են մատնվում: Հայ զինվորն օր օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը, դառնում է ստեղծված իրադրության տերը, ինչն զգացվում է, ինչպես պաշտպանական բոլոր տեղամասերում ընթացող մարտական գործողություններում, այնպես էլ դիվերսիոն խմբերի վնասազերծմանն ուղղված առճակատումներում: Այս տողերը գրում եմ ոչ թե լսածով, այլ քիչ առաջ Կարմիր շուկայի ձորակում իմ տեսածով: Այլ ճանապարհ չունենք, սա գոյապահպանության պատերազմ է և մենք դատապարտված ենք ՀԱՂԹԵԼՈՒ»: