Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները՝ հյուսիսից մինչև ծայրամաս հարավ, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսել է հրետակոծություն և մարտական գործողություններ են ծավալվել, որոնք իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին», — ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղում, այդ թվում նաև՝ Ավետարանոց գյուղի հատվածում երևացել են դիվերսիոն խմբեր:

«Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ դրանք շարունակվում են։ Որպես կանոն, դիվերսիոն խմբերը մարտերի չեն բռնվում, աշխատում են փախչել տեղանքից, որտեղ հայտնվում են հայկական զինված ուժերի ստորաբաժանումները», — ասաց նա: