Եթե միջազգային հանրությունը հրադադար է ցանկանում Ղարաբաղում, պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի հայկական զորքերը հեռանան տարածաշրջանից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, Ալիևը պաշտպանության նախարարության ղեկավար կազմի և ռազմաճակատում գտնվող զորամասերի հրամանատարների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է․

«Մենք պայման ունենք։ Եթե Հայաստանին հովանավորող երկրները,- որոնք փաստացի պայմաններ են ստեղծել, որ հայերը մոտ 30 տարի օկուպացնեն մեր հողերը,- ուզում են հրադադար, ապա նրանք պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա։ Հայաստանի վարչապետը պետք է հայտարարի, որ Հայաստանը կհեռանա գրավյալ տարածքներից։ Մենք նման հայտարարություն չենք լսել։ Ընդհակառակը, նա խոսում է ժողովուրդների ինքնորոշման մասին և, ըստ էության, քանդել է բանակցային գործընթացը»։

«Կրակի դադարեցումը չի կարող լինել առանց նախապայմանների։ Մեզ խաբելու են ևս 27 տարի, ևս 30 տարի, ևս 30 տարի այստեղ գալու են պատվիրակություններ, բանակցելու են։ Ադրբեջանցի ժողովրդի համբերությունը սպառվել է։ Քսանութ տարի առաջ ստեղծվեց Մինսկի խումբը։ Նրանք խաբում են մեզ քսանութ տարի։ Քսանութ տարի մեզ խոստանում էին, ասում՝ սպասեք, մենք ճնշում կգործադրենք Հայաստանի վրա, մենք կանենք դա, մենք կանենք սա։ Այդ ամենը սուտ էր»,- ասել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանն ամեն օր ժամանակակից սպառազինություն է ստանում․ «Ես պետք է տեղեկացնեմ, որ այսօր Հայաստանը զինվում է։ Ամեն օր Հայաստան է ուղարկվում ամենաժամանակակից սպառազինությունը։ Մենք ունենք այդ սպառազինության ցանկը։ Բոլոր չվերթների վերաբերյալ տեղեկատվություն ունենք՝ երբ, որքան, որ քաղաքից է մեկնել, երբ է հասել Երևան»։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի մարտերում Ադրբեջանի զինված ուժերը ոչնչացրել և որպես ռազմավար են վերցրել մոտ 300 տանկ․ «Որտեղի՞ց նրանց այդքան գումար․ չէ՞ որ նրանք աղքատ երկիր են, ոչ փող, ոչ էլ հնարավորություն չունեն։  Նրանք ստանում են այդ զենքն անվճար։ Մենք նրանց վեց Ս-300 զենիթահրթիռային համակարգ ենք ոչնչացրել։ Դրանց գինը հայտնի է։ Որտեղի՞ց է այս ամենը»։

Ալիևն ասել է, թե Ադրբեջանի զինված ուժերը ոչնչացրել են նաև հակառակորդի այլ ռազմական տեխնիկա՝ Տոր ԶՀՀ, ՕՍԱ, անօդաչու թռչող սարքեր, հրթիռային համալիրներ: «Այդ բոլոր տեխնիկան Հայաստանը ստացել և ստանում է անվճար»,- պնդել է Ադրբեջանի նախագահը: