Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Կարեն Կարապետի Մնացականյանը 18 տարեկան էր, Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից։

«Կարենը շատ բարի, ազնիվ, շիտակ, ընկերասեր, բոլորին հասնող երիտասարդ էր։ 9-րդ դասարանը ավարտելուց հետո որոշեց գնալ Գյումրի՝ սովորելու Գյումրու արհեստագործական քոլեջի ոսկերչական բաժնում։ Ավարտեց, այնուհետև սովորեց Գյումրու ավտոդպրոցում, որից հետո էլ  մասնակցեց վարորդական դասընթացների»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նրա ընկերը՝ Հովհաննես Սարգսյանը։

Հովհաննեսը պատմում է, որ Կարենը գեղեցիկ մատանիներ, վզնոցներ էր պատրաստում․ «Կարենի հայրն իրենց տան մոտակայքում  արհեստանոց է սարքել, որ զորակոչվելուց հետո Կարենը գար ու այնտեղ աշխատեր, որովհետև նա երազում էր լավ ոսկերիչ դառնալ»։

3-ամսյա զինծառայող Կարենն ընտանիքի ավագ զավակն էր, ունի քույր ու երկու եղբայր․ «Աշխատող, թասիբով, կենսախինդ ու մեծահոգի անձնավորություն էր Կարենը»,- նշում է Հովհաննեսն ու հավելում, որ Կարենի երազանքն էր ծառայել բանակում ու պարտքը տալ հայրենիքին․ «Ցավոք, դա եղավ  կյանքի գնով»։

Ընկերոջ հիշողության մեջ, հատկապես, տպավորվել է այն, որ Կարենը բանակ գնալու օրը մատուռում մոմ է վառել, աղոթել, որից հետո նոր գնացել։

Հովհաննեսն ընդգծում է, որ իր մայրը Կարենի դասվարն է եղել ու միշտ նշել, որ նա շատ խելացի է․ «Մայրս միշտ ասում է՝ Կարենը շատ լավ մաթեմատիկա գիտի, խնդիրը կարդում է ու միանգամից լուծում, շատ շուտ է տրամաբանում, բավականին կշռադատված է ու դաստիարակված է»։

Կարենի ընկերը նշում է, որ նա պատերազմական ծանր օրերին վարորդ էր․ «Ընկերս հաց հասցնելիս է եղել դիրքեր, բայց, ցավոք, նա և իր մյուս մարտական ընկերները անօդաչու թռչող սարքի զոհ են դարձել»։