Եվրոպայում հնարավոր ռազմական հակամարտության դեպքում ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչը միակ ինքնաթիռն է, որն ունակ է դիմակայել ռուսական զինված ուժերին, այս մասին ասվում է ամերիկյան RAND ռազմավարական վերլուծական կենտրոնի զեկույցում, գրում է topwar.ru կայքը։

Զեկույցի համաձայն՝ F-35-ն ապագայում կդառնա Եվրոպայում հիմնական կործանիչը, որի գլխավոր խնդիրը Ռուսաստանին դիմակայելը կլինի։

«Ռուսաստանի հետ ինտենսիվ հակամարտության պայմաններում ՆԱՏՕ-ի հնարավորությունները 2020-ական թվականներին հինգերորդ սերնդի հարյուրավոր կործանիչների առկայությամբ կբարելավվեն»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ ռազմական գործողությունների մեկնարկի դեպքում F-35-ը կարող է Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգեր ներթափանցել՝ «առաջին իսկ ժամերից նշանակալի ռազմական ներդրում ապահովելով»: Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով, ռազմական հակամարտություն կարող է լինել, եթե Մոսկվան որոշի օգտվել «տարածաշրջանում առկա անհավասարակշռությունից» և փորձի ՆԱՏՕ-ի տարածքի որևէ մաս գրավել։

Հայտնի է, որ արդեն F-35-ի մատակարարման համար պայմանագիր կնքած եվրոպական երկրները արդիականացնում են իրենց օդուժը, որպեսզի հետագայում հնարավոր լինի այս նոր կործանիչի հետ համատեղ առաջադրանքներ իրականացնել։

Միևնույն ժամանակ զեկույցում ասվում է, որ հինգերորդ սերնդի կործանիչներ չունեցող եվրոպական երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի և Գերմանիայի՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը ճեղքելու հնարավորությունները սահմանափակ են։