Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ նպատակ է դա հետապնդում…

• Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել:

• Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ մյուս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զոհեր:

Ըստ ականատես զինծառայողներից մեկի՝ օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ հայկական համազգեստով և հետ շպրտվել:

Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի: Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն:

Ամեն դեպքում, համոզված եմ, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների ծագումնաբանությունը»: