ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ուրբաթ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումներում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը, ինչպես նաև կոչ է արել դադարեցնել բռնությունը և պաշտպանել քաղաքացիական անձանց: ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հայտարարությանը հղումով գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ երկու դիվանագետների հետ Պոմպեոյի հանդիպումներն անցել են առանձին։

«Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությունը դադարեցնելու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև կարևորել է, որ կողմերը սկսեն բանակցություններն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտում շարադրված սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում և ուժի սպառնալիքի բացակայություն, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում»,- ասված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում են, որտեղ առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: