Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Դավիթ Ստեփանյանը իր վարած KIA Picanto մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, 59-ին Էլետա Ավագյանին:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են հետիոտնի մահը:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարաչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մկրտիչ Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Նեսթլե» ապրանքանիշի քաղցրավենիքի առաքմամբ զբաղվող ընկերությանը, իսկ վարորդ Դ. Ստեփանյանը աշխատում է նշված ընկերությունում՝ որպես մենեջեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: