Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ԱԳ նախարարը դաշնային խորհրդականի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի ողջ ընթացքում արձանագրված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների  ու պատերազմական հանցագործությունների փաստերին, որոնք միանշանակ կերպով վկայում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին։

Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանն արժևորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը, որում նաև խստագույնս դատապարտվել են ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները: ՀՀ ԱԳՆ ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Արցախի  ժողովրդի դեմ իրականացվող հանցավոր ոտնձգությունների համար Ադրբեջանը պետք է ենթարկվի համապատասխան միջազգային պատասխանատվության:

Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ հոկտեմբերի 10-ին և 17-ին ընդունված հայտարարություններին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը իր ստանձնած պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:

Իգնազիո Կասսիսը վերահաստատեց Շվեյցարիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը։ Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անմիջապես դադարեցման անհրաժեշտությունը: