ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես եկավ քաղաքապետերին ու մարզպետերին ուղղված կոչով՝ կազմելու կամավորական ջոկատներ և մեկնելու առաջնագիծ։ Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացրել է, որ մարզում ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։

«Սիրելի հայրենակիցներ

Վարչապետի կոչին ի պայասխան երեկոյան հանդիպել եմ Տավուշի համայնքապետերի եւ վարչական ղեկավարների հետ: Միահամուռ հաստատել ենք հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամության մասին: Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու եւ ամրապնդելու համար հայրենիքը բոլորիս կարիքն ունի: Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի»,- գրել է նա։

Ավելի վաղ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս հայտնել է կամավորական ջոկատ կազմեու պատրաստակամության մասին։

«Ես` Գարիկ Մնացականի Սարգսյանս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:

Զինվորական երդումս տվել եմ 15 տարի առաջ, իսկ հիմա եկել է պահը, որպեսզի իմ երդմանը հավատարիմ, զինակից ընկերներիս հետ միասին, մասնակից լինեմ հայրենի սահմանների պաշտպանությանն ու մեր հաղթանակի կերտման Սուրբ գործին։

Արարատի մարզի բոլոր համայնքներում այժմ կազմավորվում են կամավորական ջոկատներ, որոնք գլխավորելու են համայնքների ղեկավարները կամ համայնքից պատասխանատու որևէ անձ։ Սիրելի՛ արարատցիներ, շտապեք կամավորագրվել և ձեր կանոնավոր ջոկատով եկեք միանանք առաջնագծում կռվող մեր ՀԵՐՈՍ տղերքին։

Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը։ Գալի՛ս ենք»,- գրել է Արարատի մարզետը։

Նշենք, որ երեկ վարչապետի այդ կոչին արձագանքել են Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզպետերը, մի շարք քաղաքապետեր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։