26 օր է պատերազմ է, թվում էր մինչև 26- ը չենք հաշվի…

Սեպտեմբերի 27-ի լուսաբացը խաղաղ չէր, ավելին` գուժեց՝ պատերազմ է…
Հերթական հանգստյան կիրակին դարձավ անհանգստության, պայքարի, կենաց ու մահվան, բայց միաժամանակ, ապրելո՛ւ, սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելո՛ւ եւ հաղթելու մեկնարկի օրը։

Հայրենիք կերտողներն առաջնագծում են։ Այս օրերին հասցրել ենք բազմաթիվ չճանաչված անձանց անձնուրաց պայքարով հիանալ, լսել հերոսական բազում պատմություններ։ Մեր աչքերի առաջ կերտվում է պատմություն, որի հերոսը հայ զինվորն է։ 18 ամյա պատանին, ով դեռ երեկ էր դպրոցն ավարտել, ում հիշողություններում դեռ թարմ են դպրոցական տարիների անհոգ օրերը, այսօր հայրենիքի պաշտպանն է, մեր այսօրվա ու վաղվա հերոսը։ Պատմություն կերտողները համալսարան ընդունված, բայց ուսումը հանուն հայրենիքի կիսատ թողած երիտասարդներն են։ Հաղթող սերունդը, նորածին դստեր ճակատը համբուրած և առաջնագիծ շտապած ընտանիքի հայրն է։
Դեռ երեկ դուք մեզ անծանոթ էիք, այսօր մեր անվտանգության գլխավոր, չէ, ներեցեք, միակ երաշխավորը։

Վերադարձեք, մեզ այլևս հերոսներ պետք չեն, մենք շատ, չափից շատ հերոսներ ունենք։ Շտապեք ապրելու, ապրեցնելու մեզ ,ձեզ,ձեր ընտանիքին ու խաղաղ պայմաններում կերտեք ձեր երազած հայրենիքը։

Պատերազմը, ցավոք, խլում է մեզանից ամենակարևորը, տղերք, ձեզ է խլել։ Ձեզանից յուրաքանչյուրի հեռանալով, հեռանում ենք նաեւ մենք՝ կյանքից,սովորական թվացող լուսաբացից ու խաղաղ գիշերից։ Կյանքն առանց կյանքը չվայելած սերունդի ապրել իրականում դժվար է։ Այստեղ՝ Երևանում չեն ապրում, հատկապես հիմա՝ ապրելու իրավունքը ձեռք է բերվում սահմանին։ Այնտեղ է կերտվում իրական կյանքը։

Պատերազմից հետո կյանք կլինի, բայց ոչ այնպիսին, ինչպիսին այն մինչ սեպտեմբերի 27-ն էր։ Որդի, ամուսին, հայր, հարազատ, ընկեր կորցրած մարդու համար կյանքն այլևս առաջվանը չի լինի։
Չէ, մենք չենք մահացել, բայց և չենք էլ ապրում։

Հաղթելուենք։

Փայլակ Ֆահրադյան