Իսրայելում շատերը տեղյակ չեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող հակամարտությունից և որևէ շահ չունեն Հարավային Կովկասում այդ հակամարտության հանգուցալուծմամբ: Այս մասին գրում է Bloomberg գործակալության իսրայելական ծագում ունեցող ամերիկացի հոդվածագիր Զեև Չաֆեթսը՝ անդրադառնալով Իսրայելի վարքագծին:

«Այդ հեռավոր պատերազմի ռազմաճակատն այժմ տեղափոխվել է այստեղ»,-գրում է հեղինակը՝ նկատի ունենալով Երուսաղեմում հայկական և ադրբեջանական համայանքների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումը,- «Դա կարող է և պետք է ստիպի Իսրայելին ռազմավարական և բարոյական բարդ ընտրություններ անել: Եվ դա կարող է մի շարք հետաքրքիր հնարավորություններ ստեղծել»:

Հեղինակը նշում է, որ վերջին 30 տարում Իսրայելն ու Ադրբեջանը գործընկերներ են եղել նյութական շահի առումով: «Շիա մահմեդական բռնապետություն հանդիսացող Ադրբեջանը նավթ է վաճառում հրեական պետությանը և առաջադեմ սպառազինում է ձեռք բերում»,- գրում է վերլուծաբանը՝ նշելով, որ այդ զենքն ադրբեջանցիներն օգտագործում են Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց թիրախավորելու համար:

Ըստ հեղինակի՝ Ադրբեջանը պարզապես զենքի գնորդ չէ Իսրայելի համար: «Իսրայելն ավելին է ստանում Ադրբեջանից, քան նավթն է: Երկիրը սահմանակից է Իրանին, որն Իսրայելի թշնամին է: Այդ առումով Բաքուն հետախուզական տվյալներ ստանալու համար կարևոր աղբյուր է: Բացի այդ, որոշ հաղորդումների համաձայն, այն հավանական վայր է իսրայելական օդուժի հարձակումների համար: Դա Ադրբեջանը դարձնում է հազվագյուտ արժեք ունեցող երկիր, որին Իսրայելը չի պատրաստվում լքել»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ Հայաստանը նման քաղաքական արժեք չի ներկայացնում Իսրայելի համար:

«Սակայն այստեղ բարոյական հզոր հարց կա, որն Իսրայելը չի կարող անտեսել: Հրեաներն ու հայերը միանման ժողովուրդներ են: Երկուսն էլ հետապնդումների են ենթարկվել և վերականգնել են իրենց անկախությունը»,- եզրափակում է Չաֆեթսը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 22-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 900 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։