Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ Երևանում և մարզերում՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման աջակցության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ-ը։

«Աշխատանքային խմբերի կազմում են եղել իրավաբաններ, բժիշկ և հոգեբան, որոնք ծանոթացել են նրանց առաջնային կարիքների գնահատման ընթացքին և ուսումնասիրել դիմումները:

Ուսումնասիրվել են Արցախից ժամանած անձանց սոցիալական և առողջապահական կարիքների, երեխաների կրթությանը, տարեցների իրավունքներին առնչվող հարցեր և այլն:

Կացարաններում բնակվող անձանց բարձրացրած անհատական շատ խնդիրներ տեղում ստացել են լուծում:

Այցերից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Արցախի մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվում է նաև թեժ գծի զանգերի և անհատական բողոքների քննարկմամբ:

Մշտադիտարկման ընթացքում արձանագրված հարցերի կապակցությամբ համապատասխան գրավոր առաջարկներ կներկայացվեն պետական մարմիններին»,- ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։