Արևելյան Ադրբեջան (Իրան) նահանգի քաղաքական և անվտանգության հարցերով նահանգապետի տեղակալը տեղեկացրել է, որ ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի սահմանային Խոդաաֆարին քաղաքի տարածքում՝ Ղարաբաղյան հակամարտության գոտուց, հայտնում է iranpress.com-ը:

«Հրթիռները ընկել են Խոդաաֆարին քաղաքի մի քանի գյուղ, բայց, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել», — ասել է նա:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից մինչ օրս ընդհանուր առմամբ 68 հրթիռ է ընկել Իրանի սահմանային շրջանները. «Միայն այսօր 71 հրթիռ է ընկել Խոդաաֆարին քաղաքի տարածք»:

Արևելյան Ադրբեջանի փոխնահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալն ընդգծել է. «Ղարաբաղում հակամարտության կողմերը նախազգուշացվել են նման գործողությունների անթույլատրելիության մասին, իշխանությունները միջոցներ են ձեռնարկել նաև հետագայում նման դեպքերը կանխելու համար»: