Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հյուսիսային և հարավային ուղղությամբ: Ավելի դաժան մարտեր են ծավալել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքը կասեցրել է հարձակողական մի շարք գործողություններ՝ հակառակորդին հետ շպրտելով ելման կետեր։ Այս մասին  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Երեկ երեկոյից սկսած՝ մեր ստորաբաժանումներին հաջողվել է խոցել հակառակորդի ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական «Բայրաքթարներ»: Այս պահին էլ մարտերը շարունակվում են, ոչ այն նույն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին: Դրանք ունեն հստակ մարտավարություն, որը շատ լավ հասկանում ենք», — ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց՝ ադրբեջանական փոքր դիվերսիոն խմբերը ներթափանցում են չբնակեցված բնակավայրեր, նկարահանումներ են անում՝ ազդելով սեփական հանրության, բայց ցավալիորեն՝ նաև մեզ վրա:

«Բոլոր մուտք ու ելքերը ջախջախվում են հեռահար կրակով կամ մեր այլ գործողություններով: Ես բոլորին խնդրում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքննարկել: Իրավիճակը կայուն և վերահսկելի է: Որոշ գործողություններ դեռ չեն նշանակում հաջողություն», — ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող այն տեղեկություններին, թե 100-ից ավելի զինվոր է փրկվել, Հովհաննիսյանն ասաց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ «Երեկ և այսօր, եղել են դեպքեր, երբ հայկական կողմի առաջխաղացման ընթացքում, շրջափակումից, կամ թաքստոցներից ողջ մնացած զինվորներ են գտնվել: Բայց այսպիսի թիվ չկա», — ասաց ՊՆ ներկայացուցիչը: