New York Times-ի լրագրողներն այցելել են առաջնագիծ՝ Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի ֆոնին:

Հոդվածի հեղինակ, NYT-ի թղթակից Անտոն Տրոյանովսկու խոսքով՝ «առաջնագծում գարշահոտությունն անտանելի է: Զինյալների մնացորդները շաբաթներով այնտեղ են»:

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երեքշաբաթյա հակամարտությունը «վերածվել է դաժան պատերազմի»,- գրում է թերթը։

Ինչպես նշում է հեղինակը, խաղաղ բնակիչներն ապրում են խոնավ եւ չջեռուցվող նկուղներում, իսկ ոմանք քնում են հարթեցված ստվարաթղթե տուփերի վրա:

«Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում քաղաքների գնդակոծությունները հանգեցրել են տասնյակ խաղաղ բնակիչների եւ հարյուրավոր զինվորների մահվան, իսկ գիշերները լցվել են սարսափելի պայթյուններով ու դղրդյուններով»,- գրում է նա:

Հեղինակը այցելել է նաեւ Ստեփանակերտ եւ հավելել է, որ իր այնտեղ գտնվելու օրվա երեկոյան քաղաքն ինքն է ենթարկվել հարձակման։

«Ամբողջ գիշեր հնչում էին օդային տագնապի ազդանշաններ, հարվածներ, իսկ հյուրանոցի հյուրերը բազմիցս վազում էին նկուղ: Արկերից մեկը ընկավ քաղաքի կենտրոնում՝ պայծառ դեղին լույսով լուսավորելով հյուրանոցի իմ պատուհանը»,- հավելել է հեղինակը:

Լեռնային Ղարաբաղից ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը սրվող հակամարտության պայմաններում արդեն կորցրել է իր նախագծած շենքերից մեկը՝ Շուշի քաղաքի Մշակույթի տունը՝ բլրի գագաթին, տանիքը քանդված էր, եւ մի կտոր մնացել էր փողոցի մյուս կողմում ծառի մեջ, կարմիր նստարանները ծածկված էին փոշով, բեմի վարագույրը խճճվել էր փլատակների մեջ:

«Պատերազմը, երեւի, ամենասարսափելի բանն է աշխարհում»,- ասել է տիկին Տիտանյանը:

Ինչպես նշում է հեղինակը, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է հարձակումը:

«Շաբաթ օրը Հայաստանն ու Ադրբեջանը Ֆրանսիայի միջնորդությամբ հայտարարեցին զինադադարի կնքման մասին, որպեսզի լուծեն դիակները հավաքելու եւ գերիներին փոխանակելու հարցը: Բայց, ինչպես մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի դեպքում, մարտերը շարունակվեցին, եւ կողմերից յուրաքանչյուրը կիրակի օրը մյուսին մեղադրեց հրադադարի ռեժիմը խախտելու մեջ»,- հավելում է թղթակիցը:

Նրա խոսքով, պաշտոնյաներն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կեսից ավելին լքել են իրենց տները, չնայած գործող ռազմական դրությունը արգելում է ռազմական տարիքի տղամարդկանց լքել տարածքը: Մնացածների թվում այն կանայք են, ովքեր ցանկանում են լինել առաջնագիծ ուղարկված իրենց ամուսինների, որդիների ու հայրերի կողքին: