Հունական բանակը պատրաստ է Միջերկրական ծովի արևելյան հատվածում դիմակայել Թուրքիայի ցանկացած «սադրանքի», երկուշաբթի հայտնել են հունական ԶԼՄ-ները, հաղորդում է english.alarabiya.net-ը։

Հունական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Հունաստանը դիվանագիտական և ռազմական պատրաստություններ է անցկացնում Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան մասում, որտեղ զինված ուժերը ներկայում գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում:

Հաղորդվում է նաև, որ Աթենքը դիվանագիտական ճակատում Բեռլինից նոր նախաձեռնություններ է ակնկալում և դրանց ձախողվելու դեպքում՝ ձգտելու է, որ Եվրամիությունը խիստ պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ։

Նշենք, որ օգոստոսից կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին: