Պատերազմի 3-րդ օրվանից սկսած 130-ից ավել արցախցիներ հյուրընկալվել են Դիլիջանի «Հովեր» հյուրատանը և հարակից տներում։

«Հովեր»ի սեփականատեր Վարուժան Բաբախանյանի նախաձեռնությամբ արցախցիները օրական մի քանի հարյուր հատ ժենգյալով հաց են թխում և առաքում Երևան։ Վաճառքից գոյացած հասույթով հոգում են ապրուստը, նաև՝ աշխատավարձ ստանում։

«Առաջին օրերին մեր համար էինք պատրաստում, հետո մտահղացում եղավ այն վաճառել և հասույթը տրամադրել մեր հյուրանոցում և հարակից բնակավայրերում ապաստանած արցախցի ընտանիքների կարիքները հոգալուն։ Կանայք նաև աշխատավարձ են ստանում։ Պատվերները շատ են, թխածը արագ է սպառվում»,- Tert.am-ի հետ զրույցում պատմում է Բաբախանյանը։

Ժենգյալով հաց թխող կանայք Արցախի տարբեր շրջաններից են, շատերն իրար վաղուց են ճանաչում, պատմում են՝ այս օրերին մտերմացել են և ավելի միասնական դարձել։ Թիկունքն ամուր պահող կանայք վստահ են՝ ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու են ու Արցախում նույն թիմով ժենգյալով հացի բիզնես են սկսելու։

Ժենգյալով հացի ամեն տուփի վրա արցախցի երեխաներն իրենց ցանկություններն ու մաղթանքներն են գրում՝ վստահ են կարդալիս պատվիրատուն ժպտալու է․ «Էմին դյօնումը ժենգյալ ուտլան ընք Դեդո-Բաբոյին կողքին»