ԵՄ-ում կես տարում 140 անգամ հարձակում են գործել բջջային կապի աշտարակների վրա, ինչպես նաեւ վանդալիզմի ակտ իրականացրել եւ փչացրել հեռուստահաղորդակցման համակարգի օպերատորների գույքը: Այդ տվյալները մեջբերվում են ԵՄ երկրների համատեղ նամակում, որոնք Բրյուսելից պահանջում են միջոցներ ձեռնարկել 5G ինտերնետի համակարգերի տեղակայման հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի հարցով, հաղորդում է EURACTIV պորտալը:

Նամակը ստորագրել են Ավստրիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան եւ Էստոնիան: Նրանք դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարգրեթ Վեսթագերին, արժեքների եւ թափանցիկության հարցերի եվրահանձնակատար Վերա Յուրովային եւ ներքին շուկայի հարցերի եվրահանձնակատար Թիերի Բրետոնին՝ կոչ անելով ակտիվ գործողություններ ձեռնարկել կորոնավիրուսի եւ 5G-ի միջեւ կապի մասին կոնսպիրոլոգիական տեսությունների տարածման դեմ պայքարի համար:

Եվրահանձնաժողովը ֆեյք տեղեկությունների դեմ պայքարի մասին իր մշտական զեկույցներում հիշատակում է բազմաթիվ նյութեր սոցցանցերում, որոնք գաղափարներ են տարածում այն մասին, որ կորոնավիրուսի պանդեմիան եւ 5G համակարգի տարածումը կապված են ինչ-որ թաքուն ուժերի՝ Երկրի ողջ բնակչությանը չիպավորելու ծրագրերի հետ: