Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունն Ադրբեջանի դեմ քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը:

«Ադրբեջանի ԶՈՒ-ն իրենց ողջ ռազմական ուժի ներդրմամբ նաև վարձկանների ներգրավմամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ` սանձազերծել, վարել են ագրեսիվ պատերազմ, իրականացրել ագրեսիայի ակտ: Նշված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հարուցել ենք քրեական գործեր նաև զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ թույլ տալու, վերադասի կողմից ստորադասին անձանց զանգվածային ոչնչացման կամ այլ ապօրինի հրաման արձակելու, ինչպես նաև վարձկանների հավաքագրման և օգտագործման փաստով: Առանձին քրեական գործ է հարուցվել միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով, քանի որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից ներգրավվել են վարձկան ահաբեկիչներ, որոնք մասնակցում են ռազմական գործողությունների, իրականացնում ահաբեկչական գործողություններ, ինչպես նաև կրում են Ադրբեջանի ԶՈՒ համազգեստ, որպեսզի այդպես քողարկվեն»,- ասաց Մարտիրոսյանը:

Արշակ Մարտիրոսյանը հավելեց, որ քրեական գործեր են հարուցվել նաև ՀՀ տարածքում խաղաղ բնակչության թիրախավորման դեպքերով:

«Ցավալին այն է, որ գրոհների թիրախ են դարձել խաղաղ բնակչությունը, ինչն ինչպես մեր ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ համարվում է կոպտագույն խախտում, որովհետև նրանք հանդիսանում են պաշտպանության ներքո գտնվող անձինք և անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին»,- նշեց Արշակ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։