ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Քաջարանի և Մեղրիի համայնքապետերի հայտարարությունները։
Հարգելի հայրենակիցներ Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը:
#Հաղթելուենք

Հիշեցնենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քաղաքի բնակիչներին կոչ է արել զենք վերցնել եւ պաշտպանել Սյունիքը:«Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20-60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադսրձել արցախյան ռազմաճակատից, վտանգված է սրբություն սրբոց հայրենիքը, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։

Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն։

Համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան»:

Նման կոչ է տարածել նաեւ Մեղրիի համայնքապետարանը:

«Հայրենակիցներ, Մեղրի համայքնի հարգելի քաղաքացիներ

Մեղրիի տարածաշրջանի սահմանների պաշտպանության նպատակով դիմում ենք ձեզ՝ խնդրելով կամավորության հիմունքներով ցուցակագրվել։

Այս պահից սկսած՝ կարող եք ներկայանալ Մեղրիի զինկոմիսարիատ։

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դու ես…»: