Փարիզի եւ Ֆրանսիայի ութ այլ խոշոր քաղաքների փողոցները դատարկվել են կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով կիրակի գիշերը հայտարարված պարետային ժամի` ուժի մեջ մտնելուց հետո, հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ այս կապակցությամբ իրենց բողոքն են արտահայտել ռեստորանների տերերը, ում բիզնեսն արդեն տուժել է երկամսյա գարնանային կարանտինի արդյունքում:

Պարետային ժամը կանդրադառնա շուրջ 20 միլիոն մարդու վրա Ֆրանսիայում, այդ թվում` այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Մարսելը, Լիոնը, Լիլը եւ Թուլուզը: Պարետային ժամը կգործի 21:00-ից 06:00-ն:

Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ներդրված միջոցն անհրաժեշտ է հիվանդանոցներում գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար:

Այնուամենայնիվ, կան մտավախություններ, որ պարետային ժամը բացասաբար կանդրադառնա բիզնեսի վրա: Մասնավորապես, ռեստորանների որոշ սեփականատերեր այն աղետ են համարում:

Շաբաթ օրը երկրում կորոնավիրուսով վարակման 32 427 դեպք էր գրանցվել, իսկ նախորդ օրը գրանցվել էր 25 086 նոր դեպք: