Թուրքիան իր հակաղրիմյան հայտարարություններով ցույց է տալիս, որ Ռուսաստանի համար հուսալի դաշնակից չէ, հայտարարել է ՌԴ Պետդումայի Ղրիմի շրջանի պատգամավոր Միխայիլ Շերեմեթը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի ճանաչում Ղրիմը՝ որպես ռուսական շրջան, եւ մտադիր է Ուկրաինայի հետ միասին աջակցել Ղրիմի թաթարներին:

«Վերջին շրջանում Թուրքիան, ցավոք, ցուցադրում է իրեն որպես ոչ հուսալի դաշնակից՝ զբաղեցնելով անկեղծորեն ոչ բարեկամական դիրքորոշում Ռուսաստանի եւ ռուսական Ղրիմի նկատմամբ: Իզուր չէ, որ Ղրիմում Ալեքսանդր III-ի հուշարձանն է, որն ասել է, որ Ռուսաստանն ունի երկու դաշնակից՝ բանակն ու նավատորմը»,-ՌԻԱ Նովոստի-ին ասել է Շերեմեթը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանություններն իրենց անհարգալից քաղաքականությամբ ռիսկի են դիմում, քանի որ ռուս զբոսաշրջիկներն առհասարակ կդադարեն այցելել Թուրքիայի հանգստավայրերը: «Ռուսաստանն առանց թուրքական լոլիկի կկարողանա ապրել, իսկ կկարողանա՞ն արդյոք թուրքերն ապրել առանց մեր աջակցության, դեռ հարց է»,-ասել է պատգամավորը: