Այն տեղերում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք չկա, այլև ընդհանրապես ոչ մի զինվորական չկա, «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա արվում է ցեղասպան քաղաքականության շրջանակում: Ալիևը, Ադրբեջանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խնդիր ունի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկել՝ սպանելու, տեղահանելու և էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով:Եվ կարող են միջազգային լրատվամիջոցները վկայել դա, որ Ստեփանակերտում ընդհանրապես տեղի է ունենում հետևյալը՝ ուղղակի քանդվում են մարդկանց տները, որ նրանք հետագայում այդտեղ ապրելու հնարավորություն չունենան: Եվ սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի առաջ է, և այս հարցի լուծումը մեկն է՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակում: Որովհետև Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դա ուղղակի բացառված է, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ ես ուրախ եմ, ի դեպ, որ տեղական ինքնակառավարման, քաղաքային խորհուրդների մակարդակում Եվրոպայում այս պրոցեսն սկսել է: Եվ հույս ունենք, որ այն ալիքաձև կտարածվի», — նշել է Փաշինյանը։

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ չի օգտագործում իր հեղինակությունը բովանդակալից բանակցություններ սկսելու համար, որը ենթադրում է փոխզիջում՝ տարածքային զիջումներ, որը շատ ավելի լավ տարբերակ է, քան այն մահերն ու ավերածությունները, որը տեսնում ենք այսօր, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է.

«Ես փորձել եմ անել դա և կոմպրոմիս եմ առաջարկել, բայց բանակցային այդ պրոցեսների ընթացքում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը, հիմա նաև՝ Թուրքիան, որևէ կերպ չեն ուզում հրաժարվել ցեղասպանության քաղաքականությունից: Եվ ես էլի ասում եմ, որ այս խնդիրն այսօր առավոտ ևս այլ լուծում չունի, քան «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի կիրառումը: Որովհետև Ադրբեջանը, հիմա նաև Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ, մի խնդիր է դրել իր առաջ՝ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»։