Արաբկիր բժշկական համալիրի տնօրեն, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կոչ է արել  ամուր պահել ռազմական ու բժշկական ճակատները։ Ֆբ-ի իր էջում նա գրել է․

Մեր հայրենիքի համար վճռական այս օրերին, երբ մեր զինվորներն իրենց կյանքն են զոհաբերում՝ հանուն հայրենի հողի եւ մեր լինելիության, մենք պարզապես իրավունք չունենք թուլացնել մեր երկրորդ կարեւոր ճակատը՝ առողջապահականը: Խնդրում եմ, թույլ տվեք ասել նաեւ՝ պահանջում եմ, խստորեն պահպանեք հակահամաճարակային կանոնները, գնահատեք Ձեր պատասխանատվության աստիճանն այս հարցում՝ ընդունելով, որ վիրավորներով գերծանրաբեռնված բժշկական կենտրոններում մեկ մահճակալ, մեկ թթվածնային սարք զբաղեցնելն այս օրերին ոչ միայն անցանկալի, այլեւ պարզապես անթույլատրելի է: Թույլ տվեք բժիշկներին կենտրոնանալ առավելապես մեր քաջարի զավակների կյանքերը փրկելու, նրանց առողջությունը վերականգնելու անգնահատելի գործին:
Կրկնում եմ, զգացեք յուրաքանչյուրիդ պատասխանատվությունը՝ կորոնավիրուսային չարաբաստիկ վարակի տարածումը կանխարգելելու գործում, պահեք սոցիալական հեռավորություն, կրեք դիմակ, հաճախակի ախտահանեք ձեռքերը եւ պահանջեք նույնը ձեր կողքիններից:
‼️‼️‼️Այսօր մեր վարքագիծն առավել քան կարեւոր է՝ չթուլացնելու, հաղթանակած պահելու համար մեր ռազմական ու բժշկական ճակատները: