Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի արվարձանում ուսուցչի գլխատումն անվանել է իսլամիստների ահաբեկչական հարձակում, փոխանցում է BBC-ն։

Նրա խոսքով՝ ուսուցիչը սպանվել է այն պատճառով, որ սովորեցրել է ինքնարտահայտման ազատություն։

«Նրանք չեն հաղթի։ Մենք կգործենք»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, որը եկել է հանցագործության վայրը։

Ահաբեկչության հարցերով Ֆրանսիայի դատախազությունը քննում է հանցագործություն, որը կատարվել է ուրբաթ Քոնֆլան Սենթ Օնորին քաղաքի Իվելին դեպարտամենտում: Անհայտ տղամարդը սպանվել է քաղաքում ոստիկանների կողմից այն բանից հետո, երբ գխատել է դպրոցի պատմության ուսուցչին։

Ուսուցչի սպանությունն ահաբեկիչը լուսանկարել եւ տեղադրել է Twitter-ում՝ ուղեկցելով նախագահ Մակրոնին եւ «անհավատներին» ուղղած սպառնալիքով: Հայտնի էր դարձել, որ խոսքը վերաբերում է 18-ամյա երիտասարդին, որը ծնվել է Մոսկվայում 2002 թվականին: Հրապարակման մեջ նա իրեն անվանել էր Աբդուլլահ, իսկ նրա օգտահաշիվը՝ Ալ Անսար @Tchetchene_270, հավանաբար, մատնանշում է նրա չեչենական ծագման մասին:

Ինչպես ենթադրում են քննիչները, հանցագործը ցանկացել է պատժել 47-ամյա մանկավարժին այն պատճառով, որ վերջինս համարձակվել էր ցույց տալ իր աշակերտներին Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը, որը հրապարակել էր Charlie Hebdo պարբերականը: Դա տեղի է ունեցել դեռեւս ամսվա սկզբին եկեղեցու եւ պետության հարաբերություններին վերաբերող դասաժամին: Այն աշակերտներին, որոնք դրանից դժգոհ էին, ուսուցիչը թույլ էր տվել դուրս գալ դասարանից:  Բազմաթիվ ծնողներ, որոնք դավանում են իսլամ, հայտարարել էին, որ իրենց երեխաները վիրավորված են այդ օրինակով եւ բողոքել էին դպրոցի տնօրինությանը: Դպրոցի եւ ծնողների միջեւ վեճն աստիճանաբար մարել էր, սակայն, ինչպես պարզվում է, չէր լուծվել:

Տեղական ժամանակով 17:00-ին ոստիկանություն էին կանչել դպրոցի մոտ հարձակման ականատեսները․ ոստիկանները դեպքի վայրում բախվել էին ահաբեկչին, որը զինված էր դանակով: Նա փորձել էր փախուստի դիմել: Ի պատասխան հանձնվելու պահանջին՝ վերջինս փորձել էր հարձակվել պարեկի վրա եւ սպանվել էր: