Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններում ցուցաբերած արիության և սխրագործությունների համար պարգևատրման են ներկայացվել հայկական զինուժի մի շարք զինծառայողներ:

Փոխգնդապետ Տարոն Քոչարյանն իր ստորաբաժանման  պաշտպանությունը հստակ կազմակերպելու, ակտիվ գործողությունների դիմելու և թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ ոչնչացնելու համար ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:

Նույն բնույթի գործողությունների համար փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Պաշտպանության բանակից տեղեկացնում ենք, որ կոլեկտիվ ու անհատական հերոսության դրվագներ են կերտել շարքայիններ Գոռ Հովհաննիսյանը, Վարդգես Ալոյանը, Պետիկ Հունանյանը, Ռաֆայել Կարապետյանը, Հայկ Դարբինյանը, սերժանտ Վահե Սահակյանն ու ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը:

«Տղաները, ավագ սերժանտ Մհեր Դանիելյանի հրամանատարությամբ, հերոսաբար մարտնչել են հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ: Ոչնչացված թշնամական ուժերի շարքում եղել է նաև գնդապետի կոչումով բարձրաստիճան սպա, որին անձամբ ոչնչացրել է ավագ սերժանտ Դանիելյանը՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ»,- նշում են ԱՀ ՊԲ-ից:

Նշված զինծառայողները ներկայացվել են պետական բարձր պարգևների և շուտով կստանան «Արիության համար» մեդալներ, իսկ նրանցից շարքային Գոռ Հովհաննիսյանը ներկայացվել է «Մարտական խաչի» 2-րդ աստիճանի շքանշանի: