Հայ զինվորականները մոսկովյան հրադադարի վերահսկման մեխանիզմի հարցում պայմանավորվելու նպատակով մեկնել են Մոսկվա, սակայն Ադրբեջանը չի ուղարկել իր զինվորականներին, փաստորեն հրաժարվելով այդ համաձայնությունից: Դրա մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը:

Բաքուն փաստացի արհամարհում է Ռուսաստանի Դաշնության նախագահին, որի բարձր ներգրավվածությամբ է եղել հրադադարի շուրջ բանակցությունը: Միեւնույն ժամանակ, խոսքն իհարկե Բաքվի մասին չէ, այլ Անկարայի: Բաքուն այլեւս Անկարայի համար տրանզիտ է դեպի Մոսկվա՝ արհամարհանքի եւ ահաբեկության տրանզիտ:

Ռուսական համացանցային տիրույթում խոսում են Ադրբեջանի տարածքից Ռուսաստան Դաղստանի սահմանով անցած ահաբեկիչների մասին, որոնք արդեն իսկ նկատվել են Դաղստանում, Գրոզնիում, Նազրանում: վերջին օրերին հյուսիսկովկասյան այդ հատվածում արձանագրվել է ահաբեկչական աշուժացում:

Չեչնիայի նախագահ Կադիրովը հայտարարել էր, որ հոկտեմբերի 14-ին Գրոզնիում ոչնչացված ահաբեկիչները ՌԴ են անցել արտերկրից, եկել են Սիրիայից: Իսկ որտեղո՞վ պետք է անցնեին Սիրիայից եկած ահաբեկիչները, որոնք նախ նկատվեցին Դաղստանում, հետո Չեչնիայում, հիմա Ինգուշիայում է անհանգիստ: Նրանց ռեգիոնալ հաբն այլեւս Ադրբեջանն է՝ Անկարայի կամքով, որը ձգտում է Հարավային Կովկասում առնվազն հավասար դիրքեր ունենալ Ռուսաստանի հետ:

Ռուսաստանի համար ավելի ու ավելի որոշակի է դառնում խնդիրը՝ ահաբեկիչներին ոչնչացնել իր տարածքո՞ւմ, թե այդուհանդերձ նրանց հաբի վերածված Ադրբեջանում, միանալով հայկական բանակի հակաահաբեկչական գործողություններին:

Դաղստանը, Գրոզնին, Նազրանը պարզորոշ վկայում են, որ ռիսկերը, որոնց մասին բարձրաձայնվում են թե ռուսաստանցի, թե հայաստանյան փորձագետների եւ գործիչների շուրթերով, ՌԴ համար ամենեւին մտացածին չեն: Ավելին, դրանք ծավալվում են բավականին արագ:

Ռուսաստանը Կասպից ծովում, Ապշերոնից հյուսիս սկսել է նավատորմի ծավալուն վարժանք, ինչն անկասկած ազդակ է Բաքվին ու Անկարային: Հակաահաբեկչական գործողությունների հեռանկարն Ադրբեջանում Մոսկվայի համար մնում է Ալիեւին Անկարայից կտրելու միակ տարբերակը, հաշվի առնելով այն, որ ահաբեկիչների մյուս նշանակությունն Էրդողանի համար Ալիեւին պատանդ պահելն է:

Ի դեպ, արժե հիշել թերեւս, որ սիրիական ռազմարշավի ժամանակ Ռուսաստանը կիրառեց նաեւ Կասպիցի նավատորմը, ահաբեկիչների կետերին հարվածելով Կալիբր թեւավոր կառավարելի հրթիռներով: