Հրադադար (truce/ceasefire, прекращение огня) — պատերազմի ժամանակավոր դադարեցումը, որի ժամանակ կողմերից յուրաքանչյուրը մյուսի հետ համաձայնում է դադարեցնել հարձակվողական գործողությունները: Հրադադարները կարող են լինել պայմանագրերի կամ համաձայնագրերի մաս: Հրադադարն ինքնին չի հանգեցնում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմանը, սակայն կարող է հանգեցնել զինադադարի կնքմանը: Զինադադար (armistice, перемирие) — ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պատերազմող կողմերի պաշտոնական համաձայնագիր: Զինադադարը չի հանգեցնում պատերազմի ավարտին, սակայն դրանով հաստատվում է ընդհանուր հրադադար: Զինադադարը հիմնականում ամրագրվում է խաղաղության պայմանագրով, որի շուրջ բանակցությունները կարող են տեւել ամիսներ կամ տարիներ: Երբեմն խաղաղության պայմանագիր այդպես էլ չի կնքվում, եւ կողմերի միջեւ ռազմական գործողությունները դադարում են զինադադարով (օր.՝ Խորհրդա-ֆիննական պատերազմն ամփոփող 1944 թ. Մոսկովյան զինադադարը, Կորեական պատերազմն ամփոփող 1953 թ. Փանմունջոմյան զինադադարը եւն):