Բոլորը սիրում էին նրան, ինքը բոլորին էր սիրում, ոչ ոքի երբեք չի նեղացրել։ 23 տարեկանում այնքան հարգանք ու սեր էր վայելում, որ նրան հողին հանձնելիս՝ ժողովուրդը նրա վրա հողը ձեռքերով էր լցրել ու շատերին հող չէր հասել, որ լցնեն, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է: Ես ուզում եմ, որ սրա մասին դարերով խոսվի ու ամբողջ աշխարհը իմանա. մեր Հովասը գիտակցված գնաց անմահություն, որ մենք ապրենք: Tert.am-ի հետ զրույցում ասաց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Հովհաննես (Հովաս) Բեյբությանի քույրը՝ Արփինե Բեյբությանը:

«Հովասը բարի, ազնիվ, ընկերասեր, հայրենասեր տղա է։ Չեմ կարող նրա մասին անցյալով խոսել, նա միշտ մեզ հետ է։ Ես 10 տարեկան եմ եղել, եղբայրս՝ Ավետիքը 6 տարեկան, երբ ծնվեց մեր Հովասը։ Նա մեր ամբողջ ազգի փոքր տղան է, բայց ամեն հարցում բոլորը նրա հետ էին խորհրդակցում։ Անսահման խելացի, մեծին հարգող, եթե ինչ որ մեկը օգնության կարիք, ուներ ուրեմ ինքն այնտեղ էր։ Ասում էր՝ շատ բան չեմ ուզում, գամ, աշխատեմ տունը վերանորոգեմ ու ամենակարևորը՝ մամայիս համով պատրաստածը ուտեմ։ Իմ Հովասի մասին ինչքան խոսենք, կխոսենք ու միայն դրական»,-ասաց նա:

Քրոջ խոսքով՝ Հովհաննեսը միշտ հավատարիմ էր իր գաղափարներին, հայրենասիրությունը նրա էությունն էր։ «Իրավաբան էր, չափից դուրս խելացի ու չափից դուրս համեստ։ Մարտի դաշտում նրա սխրանքներն աննկարագրելի են։ Իմ եղբայրը հերոս է, անմահ հերոս: Ես չգիտեի, որ առաջնագծում է, հիմնականում եղբորս է զանգել ու ասել, որ շատ լավ է, որ քիչ մնաց, հաղթելու ենք, ասել է՝ «եթե հիմա մի կտոր հող տանք, վաղը թուրքը կմտնի մեր տուն, Ավ, սաղին պետք է սատկացնենք»։ Մեզ նոր են պատմում, որ Հովասը 14 օր հրամանատար է եղել ու կատաղի մարտեր վարել:

Մեր ընտանիքում երեք երեխա ենք ես, Հովասը և Ավետիքը։ Ահավոր ցավ ենք ապրում. մայրս խելագարված իրա բալին է ուզում, հայրս ցավի հետ մեկտեղ հպարտանում է։ Եղբորս համար դաժան հարված էր, ասում է՝ չեմ դիմանա առանց Հովաս։ Ես հպարտ եմ, որ հերոսի քույր եմ իմ եղբայրը անմահացավ ու ինքը միշտ ինձ հետ է։ Իմ եղբորը թագավորին վայել ճանապարհեցինք»:

Հավհաննեսի համագյուղացի Արմինե Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ 23-ամյա Հովհաննեսը զոհվել է հրադադարի օրը, ընտանիքը սարսափելի վատ վիճակում է: Հովհաննեսը բարության մարմավորում էր, սովորել էր համալսարանը վերջացրել և զորակոչվել էր բանակ: