Պատերազմ է և մենք ամբողջ երկրով, ժողովրդով պայքարում ենք Արցախի անկախության համար, պաշտպանում Արցախի ժողովրդին՝ ցեղասպան Թուրքիայից, Ադրբեջանից և միջազգային ահաբեկիչներից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը և դաշտերում է թողնում բազմաթիվ դիակներ՝ ստեղծելով սանիտարական վտանգներ. «Հազարավոր դիակներ դուրս չեն հանվում, ինչը հակասում է նաև իսլամի կանոններին: Ադրբեջանի իշխող հանցավոր վերնախավի համար դա որևէ կարևորություն չունի. ինչպես հրթիռակոծում են եկեղեցին, այնպես էլ հրթիռակոծում են իսլամը, ինչը վկայությունն է այն բանի, որ նրանք հավատքի, կրոնի հետ առնչություն չունեն»,- նշեց նա:

Անդրադառնալով հայ բժիշկների կողմից ադրբեջանցի զինվորին վիրահատելուն և դրան հակադրելով մեր հայրենակիցներին Ադրբեջանում գնդակահարելու փաստերը՝ Բաբայանը նկատեց՝ կան մարդկության կանոններ և մենք չպետք է հավասարվենք թուրք-ահաբեկիչներին, որոնք ընդունակ են երեխա սպանելու, կին մորթելու. «Եթե կա վիրավոր մարդ, անկախ նրանից, թե ով է նա, կան մարդասիրության նորմեր: Մենք անխնա պետք է կոտորենք նրանց, որոնք հարձակվում են մեզ վրա, բայց մյուս կողմից, եթե մարդը գերի է ու վիրավոր, հավասարվել անասուններին՝ դա մերը չէ: Մարտի դաշտում պետք է կատաղի պայքարենք և վնաս հասցնենք հակառակորդին՝ կոտորելով կենդանի ուժը ու ոչնչացնելով զինտեխնիկան, բայց այս դեպքում, մարդ լինելը պետք է չմոռանանք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է խաղաղապահներ տեղակայելու հարցին՝ Բաբայանը նշեց, որ այդ հարցը պետք է քննարկել, քանի իրավիճակն արմատապես փոխվել է. «Մենք ուզում ենք, որպեսզի լինի խաղաղություն և Արցախի անկախ պետություն: Մեր դեմ բացեիբաց պատերազմում է Թուրքիան, նրանց հետ Ադրբեջանն ու ահաբեկիչները մեկ ճակատով են մեր դեմ պատերազմում, բայց ակնհայտ է, որ Թուրքիան տարածաշրջանում է և դուրս չի գալու այնտեղից: Հետևաբար, մենք պե՞տք է համապատասխան քայլեր ձեռնարկենք, թե՞ էլի կենացներով, բղավոցներով անենք: Կարևորը մեր հայրենիքի անվտանգությունն ապահովելն է: Դեմագոգիան պետք է մի կողմ դնենք: Ի՞նչ է, որ Ֆրանսիայում կամ Գերմանիայում ամերիկյան զորք կա, այդ երկիրը գաղո՞ւթ է դարձել, թե՞ որ Հայաստանում ռուսական բազա կա մեր ինքնիշխանությունը կորցրել ենք: Եթե հանկարծ Թուրքիան խփեր ճակատից ու ռուսական բազան չլիներ, ի՞նչ պետք է անեինք՝ ցեղասպանությո՞ւն: Ուստի, պետք է քննարկենք այդ հարցերը և հասկանանք, որ իրավիճակը արմատապես փոխվել է: Կա Թուրքիա և պետք է մտածենք, որ այդ գիշատիչ, մարդասպան երկիրը նորից չփորձի լուծել հայկական հարցը»,- ասաց Բաբայանը՝ ընդգծելով, որ դեմագոգներն ու գործից չհասկացողները պետք է հեռացվեն դաշտից, քանի որ հակառակ դեպքում կարող ենք կորցնել ամեն ինչ: