Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մարդասիրական հրադադարի պայմանները փոխադարձ հիմունքներով պահպանելու պատրաստակամության վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ «Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն» ասվում է հայտարարության մեջ։

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: