Ավստրիայի եվրոպական եւ արտասահմանյան գործերով նախարար Ալեքսանդեր Շալենբերգը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին այսօր հայտնել է Մամուլի ավստրիական գործակալությունը (APA)՝ վկայակոչելով քաղաքական գործչի մամուլի քարտուղարին։

Գործակալությունը նշում է, որ վիրուսի առաջացրած հիվանդությունը նախարարի մոտ առանց ախտանիշների է ընթանում։

Շալենբերգը չորեքշաբթի մասնակցել էր կառավարության նիստին, որի մասնակիցները եղել են պաշտպանական դիմակներով։ Որպես նախազգուշական միջոց նրանք բոլորը կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնեն։ Նույն կերպ են արդեն վարվել բոլորը, ովքեր քաղաքական գործչի հետ մոտիկից են շփվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Շալենբերգի ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ նախարարը կարող էր վարակված լինել երկուշաբթի Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը։