Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միությանը հետ զրույցում նշել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպից հետո Գերմանիան չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից, քանի որ Մոսկվան անհրաժեշտ է տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ ենք նստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիայի և Ուկրաինայի հարցի շուրջ բեռլինյան գործընթացում: Բոլոր համաժողովներում խոսվում է պատերազմները դադարեցնելու լուծում գտնելու մասին»,- նշել է նախարարը և հավելել, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել հակամարտությունները ոչ միայն Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, այլև Լեռնային Ղարաբաղում, Բելառուսում և Վենեսուելայում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում: