Երբ մենք կանգնած էինք սահմանին՝ գիտեինք, որ պիտի պահեինք մեր հայրենիքը, ժողովրդին, մեր  քաղաքը, ընտանիքը,  բայց երբ նրանք փոխադարձ օգնում են մեզ՝ դա մեծ բան է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց թշնամու 5 տանկ, 1 ՀՄՄ եւ 1 ՏՕՍ խոցած ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը։

«Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկն ինչ-որ բան է ներդրել ու գտնում ես քո ուզազը, դա մի մեծ ուրախություն է պարգեւում։ Երբ մեքենա է գալիս, որտեղ տաք ծածկոցներ կան, մենք ասում ենք՝ տղերք, էսօր մենք չմրսեցինք։ Մեր  հայ ժողովրդի օգնությունը, սահմանում տղերքի եղբայրությունը դա մի մեծ ուժ է, որը զգալով երբեք չես վախենա թշնամուց ու միշտ առաջ կգնաս։ Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա, ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել, ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ իմ խոցումները»,- ընդգծեց Հարությունը։

Ավելի վաղ «Զինուժ մեդիան» Հարությունի մասին ռեպորտաժ էր պատրաստել, որում երիտասարդ հերոսը պատմում էր, թե ինչպես է խոցել թշնամու զինամթերքը։