Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, այժմ նաեւ՝ Հունաստան. թվելով Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանին աջակցություն հայտնած երկրների անունները՝ Հունաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների ասուլիսը լուսաբանող օտարերկրյա լրագրողներից մեկը Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է այդ օժանդակությունը վերածվելու Արցախի հարցի տեւական լուծման:

Հարցրեց նաեւ, թե Հայաստանը այդ առումով ի՞նչ սպասելիք ունի այսօր սպասվող Եվրոպական գագաթնաժողովից:

Զոհրաբ Մնացականյանը ի պատասխան այս հարցերի՝ կրկին ներկայացրեց այն, ինչ տեղի է ունենում Արցախում: Շեշտեց՝ սա իրականացված ագրեսիա է մեր հայրենակիցների, Արցախի բնակչության նկատմամբ, որի թիրախ են մարդիկ, քաղաքացիական բնակչությունը: Ամենաէականը այստեղ, ըստ նախարարի, հետեւյալն է. Արցախի ժողովուրդը պաշտպանում է իր գոյությունը, իրեն: Իսկ Հայաստանը՝ որպես մեր հայրենակիցների միակ երաշխավոր, Մնացականյանի վստահեցմամբ, եղել եւ մնում է երաշխավորը, պաշտպանը եւ աջակիցը, եւ ամբողջ ռեսուրսը դրված է դրա վրա:

«Ամենահիմնական խնդիրն այն է, որ այս երկու նոր հանգամանքները՝ Թուրքիայի գործոնը եւ միջազգային ահաբեկիչների գործոնը, ստեղծել են ամենավտանգավոր հաշվարկը Բաքվում, որ իրենք կարող են չլսել միջազգային հանրության մոտեցումը այս հարցում, եւ դա, բնականաբար, վտանգավոր է եւ միեւնույն ժամանակ, վստահաբար, ունի իր հետեւանքները»,- ընդգծեց Մնացականյանը:

Նախարարը շեշտեց՝ Հայաստանի համար հարցը եղել եւ մնում է առավել քան պարզ. խոսքը վերաբերում է մեր հայրենակիցների գոյութենական անվտանգությանը: Այն, որ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի ճանաչումը առաջնային գերակա խնդիր է, Մնացականյանի խոսքով, այսօր դա արտահատվում է այն փաստով, որ սա ամենից բացի՝ նաեւ պաշտպանության միջոց է:

Եվ, նախարարի վստահեցմամբ, այդ ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը շարունակվելու է:

«Շարունակում ենք պնդել, որ ուժի միջոցով այս խնդիրը լուծում չի ունենալու: Մեր խիզախները Արցախում ի ցույց են դնում վճռականությունը՝ պաշտպանելու հողը, հայրենիքը, կյանքը, ընտանիքը եւ բացառելու են թշնամուն երբեւէ ենթադրել, որ իրենք ունենալու են այս խնդրի ռազմական լուծում: Իրենք ունենալու են ավելի խոր ճգնաժամ, բայց ոչ պարտադրված որեւէ բան՝ Արցախի արժանապատիվ, անվտանգ ապրելու ձգտման հաշվին»,- ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:

Նա վստահեցրեց, որ շարունակելու են աշխատել բոլոր գործընկերների հետ, է՛լ ավելի են ուժեղացնելու քաղաքական, դիվանագիտական գործիքների կիրառումը՝ հասնելու արդար եւ խաղաղ հանգուցալուծմանը: