Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի սևծովյան ափից, որտեղ պետք է տեղի ունենա Ռուսաստանից ձեռք բերված С-400 հակահրթիռային համակարգերի փորձարկումը, հրթիռ է արձակվել երկինք:

Համապատասխան տեսանյութը հրապարակել է Reuters գործակալությունը:

Տեսանյութն արվել է սևծովյան Սինոփ քաղաքում: Ֆիսված կադրերում երևում է՝ ինչպես է ծխի բարակ սյունը վեր բարձրանում:

Աղբյուրը նկատում է, որ եթե ռուսական համակարգերի փորձարկման տեղեկությունը հաստատվի, ապա կտրուկ լարվածություն կառաջանա Անկարայի և Վաշինգտոնի միջև, որը դեմ էր Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնմանը:

Ավելի վաղ Defense News-ը, թուրքական ռազմական աղբյուրներին հղումով, հաղորդել էր, որ Թուրքիայի զինված ուժերը С-400 հակահրթիռային համակարգերը տեղակայել են սևծովյան Սինոփ քաղաքի մոտակայքում՝ հետագա փորձարկումներ անցկացնելու համար:

Նշվել էր, որ փորձարկումները կանցկացվեն Սինոփի հրաձգարանում: Քաղաքացիական ավիացիայի իշխանություններն արգելել են Սինոփ և Ունյե քաղաքների միջև մինչև 7600 մետր բարձրության վրա բոլոր թռիչքները:

Ռազմական աղբյուրները հայտնել էին, որ հրթիռները կարձակվեն արևելյան ուղղությամբ: Փորձարկումների համար հրաձգարան է բերվել 10 օդային նշանակետ՝ բրիտանական Banshee արբայնակները:

Թուրքական իշխանությունների պաշտոնական զգուշացման համաձայն՝ հոկտեմբերի 13-16-ը Սև ծովի՝ Սինոփի առափնյա ջրային տարածքըփակ կլինի «ուսումնական կրակոցների» առնչությամբ: