Թուրքական լիրայի փոխարժեքը հասել է ռեկորդային նվազագույն ցուցանիշի՝ 7,95 լիրա ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ, և շարունակում է իր անարգել անկումը դեպի աննախադեպ 8 լիրա՝ ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ ցուցանիշի, գրում է CNBC-ն։

Տնտեսական վերլուծաբանները վերջին մի քանի շաբաթների ընթացքում քննադատում են Անկարայի քաղաքական որոշումները՝ պնդելով, որ դրանք անդրադառնում են ազգային արժույթի վրա և արժեզրկեում լիրան։

«Եթե նայեք այդ երկրի վարած քաղաքականությանը, կհասկանաք, որ այն շատ համառ է դարձել»,-ասել է ներդրումային բանկիր և Կահիրեի ամերիկյան համալսարանի ներկայիս պրոֆեսոր Անգուս Բլերը։

Բլերի խոսքով՝ «արժութային շուկան չի սիրում անորոշություն, ագրեսիա»: Այս ասելով՝ նա նկատի ունի  Անկարայի աճող մասնակցությունը բազմաթիվ ռազմական հակամարտություններին, ներառյալ՝ Լիբիայում, Սիրիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես նշում է աղբյուրը, թուրքական տարադրամից շատ ներդրողներ վախենում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկանխատեսելիության և ծավալապաշտական արտաքին քաղաքականության, ինչպես նաև Կենտրոնական բանկի վրա նրա ունեցած ճնշման պատճառով։