Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարեւոր աջակցություն է Հայաստանին եւ հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում: «Մեր ժողովուրդներին միավորում են պատմական ջերմ հարաբերություններն ու ընդհանուր արժեքները: Հայաստանը կարեւորում է Հունաստանի հետ կապերի շարունակական սերտացումը եւ զարգացումը, որի նշանակությունն ավելի է ընդգծվում ներկայիս տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին եւ հույն ժողովրդին՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին աջակցելու համար», — ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված պատերազմին՝ խոսելով Թուրքիայի բացահայտ ներգրավվածության եւ տարածաշրջանն ապակայունացնող քայլերի մասին:

Հունաստանի արտգործնախարարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ջերմ ողջույնները եւ աջակցության խոսքերը: Նիկոս Դենդիասը ասել է, որ երկու ժողովուրդներին եւ երկրներին կապում է դարավոր ամուր բարեկամությունը, եւ այս բարդ իրավիճակում Հունաստանը, հույն ժողովուրդը հայ ժողովրդի կողքին են: Նա նշել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է, քանի որ բռնությունը հարցի լուծման ճանապարհ չէ: Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը դատապարտում է ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները եւ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարը պահպանելու եւ բանակցային գործընթացը վերսկսելու կոչին:

Վարչապետը եւ Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսեւորվում է տարբեր տարածաշրջաններում: Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոս Դենդիասն ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը եւ մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ:

Վարչապետը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հունաստանի վարչապետին: Նիկոս Դենդիասը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունաստան այց կատարելու հրավերը: