Բաքուն ու Սանկտ Պետերբուրգը կարող են զրկվել Եվրո-2020-ի հանդիպումներ հյուրընկալելու հնարավորությունից: ՈւԵՖԱ-ն քննարկում է Եվրոպայի առաջնության քաղաքների թիվը կրճատելու տարբերակը: Ադրբեջանի մայրաքաղաքը դրանց թվում է, գրում է The Sun-ը:

«Բաքվին վտանգ է սպառնում, քանի որ երկիրը կոնֆլիկտի մեջ է Հայաստանի հետ»,- գրում է բրիտանական պարբերականը:

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքն իր հերթին կարող է Եվրո-2020-ի հանդիպումներ հյուրընկալելու հնարավորությունից զրկվել երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը չէր բացառել, որ Եվրո-2020-ը հյուրընկալող քաղաքների թիվը կարող է կրճատվել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի առաջնությունը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ պետք է տեղի ունենա 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում եւ Բաքվում: