Սաուդյան Արաբիայի առեւտրի պալատը հաստատակամորեն խորհուրդ է տվել թագավորության գործարարներին զերծ մնալ թուրքական ընկերությունների հետ համագործակցությունից, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:

«Սաուդցի ձեռնակատերերը չպետք է բիզնես վարեն թուրքական ընկերությունների հետ: Ես պարզ ասում եմ՝ ո՛չ ներդրումներ, ո՛չ ներմուծում, ո՛չ տուրիզմ»,-ասել է պալատի ղեկավար Աջլան ալ-Աջլանը՝ կոչ անելով բոյկոտել թուրքական ապրանքները:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զերծ մնալ նաեւ թագավորության տարածքում գործող թուրքական ընկերությունների հետ համագործակցությունից: Նման դիրքորոշումը, նրա խոսքով, պայմանավորված է թագավորության եւ նրա կառավարիչների դեմ ուղղված Անկարայի վիրավորանքներով եւ թշնամական քաղաքականությամբ:

Բոյկոտի կոչն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի սկզին Պարսից ծոցի մի շարք երկրների մեղադրել է Թուրքիայի հանդեպ ոչ բարեկամական քաղաքականության մեջ եւ նույնիսկ կասկածի տակ դրել մոտ ապագայում այդ երկրների գոյությունը:

Արաբական երկրներն Անկարային բազմիցս զգուշացրել են Լիբիայի, Սիրիայի, ինչպես նաեւ Եգիպտոսի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության մասին: Թուրքիայի հասցեին մեղադրանքներ են հնչել Օսմանյան կայսրությունը վերածնելու փորձերի եւ արաբների նկատմամբ հեգեմոնիա հաստատելու համար: