Լեռնային Ղարաբաղում հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նրան Մոսկվա տեղափոխելու հնարավորության շուրջ որոշումն առաջիկա օրերին կկայացվի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովի հայտարարությանը։

«Լեռնային Ղարաբաղում վիրավորված ՌԴ քաղաքացի Յ. Պ. Կոտենոկը շարունակում է բուժում ստանալ Երևանի կլինիկաներից մեկում: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդը գտնվում է Ռուսաստանի առողջապահության նախարարության մասնագետների հսկողության տակ: Առաջիկա օրերին կորոշվի նրան Մոսկվա տեղափոխելու հնարավորության հարցը»,- նշել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեք լրագրողների մասին: Նրանցից երկուսը՝ «Ռուսաստանի սպաներ» պորտալի թղթակից Լևոն Արզանովը և ՌԴ քաղաքացի Հրանտ Բալադյանն արդեն տեղափոխվել են Մոսկվա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։