90-ամյա Բուրաստան տատը մեր բանակին ու զինվորներին իր ձեւով է օգնում․ տան մի անկյունում ակնոցն աչքերին, կծիկով հաստ թելն ու շյուղերը ձեռքին՝ զինվորների համար գուլպա է գործում, որ հանկարծ չմրսեն։

Սահմանի տղերքին Բուրաստան տատից արդեն 7 զույգ գուլպա է ուղարկվել։ Երբ պատերազմը սկսվել է, թոռնուհին է առաջարկել գուլպաներ ուղարկել սահման, տատն էլ առաջարկով ոգեւորվել, իր ու թոռան ժակետները քանդել ու սկսել է գործել։ Որ իմանար այսպիսի պատերազմ է սկսվելու, այն ժամանակ, երբ հարյուրավորներին՝ ծանոթ, անծանոթ, իր գործածներից էր տալիս, չէր բաժանի, ամբողջը կպահեր զինվորներին։

Զինվորների համար վերջին գուլպան տատը դժվարությամբ է գործել, տանն ընկել է, ձեռքն ու ոտքը վնասել, ցավեցրել, այդ պատճառով մի ձեռքը կողքին հենելով է գործն ավարտին հասցրել։ Թոռանն ասել է, որ նորից կգործի 2 օր անց․ մի քիչ թեւը հանգստանա, հետո: Բացի այդ, թելն էլ վերջացել է։

Մեզ հետ խոսելիս տատի ձեռքը դեռ ցավում էր։

Մեր տարած թելը տանտիկինը հավանեց․ ձիգ է, այ մյուս կծիկը, որի գույնը մի քիչ բաց է, ավելի բարակ է, պիտի երկու հատն իրար միացնի, բայց կարծում է՝ գուլպա դուրս կգա։

Թե սահման ուղարկածը քանի օրում է գործել, հիմա չի հիշում․ եղել է՝ երկու օրում է մի զույգը ավարտել, եղել է՝ երեք օրում։

Մեր զրուցակցին ասացինք, որ տղերքին տաք գուլպա հիմա հաստատ պետք է, լսածից ուրախացավ ու մի րոպե լռությունից հետո նշեց․

«Թեկուզ սենց ցավելով էլ կգործեմ, թել չունեի, թելը հեսա եկավ հասավ, սեւից կսկսեմ, ինչքան կարողանամ, կգործեմ, թող հագնեն տղերքը, մենակ թե Աստված կամք ու առողջություն տա, խելք ու շնորհք տա, շուտ հաղթեն, խաղաղություն լինի, բոլորը վերադառնան իրենց ընտանիքներ»։

Այնուհետեւ Բուրաստան տատի բարեմաղթանքներն են՝ տղաներն առողջ լինեն, ուժ ունենան, հաղթեն, կարիք չունենան օգնության։

90-ամյա կինն իր կյանքի արդեն քանիերորդ պատերազմն է հաղթահարում, Արցախյանի ժամանակ այստեղ չէր, սակայն հայրենականը լավ է հիշում․ 10 տարեկան էր, մայրը չկար, մորաքրոջ հետ էր ապրում։

Պատերազմներից վերջինը՝ այս մեկը, իր կարծիքով, ուրիշ է։

«1942 թվին հավաքեցինք ինչքան թել ունեինք ու մորաքրոջս հետ գործեցինք, ուղարկեցինք բանակ։ 11 տարեկանից սկսել եմ գործել ու օգնել բանակին։ 1941 թվի պատերազմն էլի ահավոր էր, շատ դժվար էր, դաժանությամբ անցկացրինք, դե հիմա սաղ ենք։ Այս անգամ, որ նայում եմ, ամբողջ մարմնով սարսռում եմ, որովհետեւ անօդաչու սարքերը սարսափ են առաջացնում, դա արդեն անտանելի է»,- նշեց նա։

Խոսելով պատերազմից՝ վրդովված խոսքը ահաբեկիչ վարձկաններին ուղղեց։

Զարմանում է, որ մի քանի կոպեկի համար գալիս, այստեղ մեռնում են, ո՛չ իրենց է պետք այդ գումարը, ո՛չ իրենց տնեցիներին, որ մի քանի օրում պիտի ծախսեն, հաց ուտեն, վերանա։

«Խելք ունենան՝ չեն գա, Էրդողանը՝ աֆերիստը, մի քանի մանեթ տալիս է, փափուկ բարձ դնում գլխների տակ, ուղարկում կոտորվելու, ինքն այդ գումարը շահագործում է իր համար»,- ասաց տատին՝ ահաբեկիչներին խորհուրդ տալով տանը խաղաղ աշխատել, վաստակել ու ապրել իրենց դռանը, իրենց ընտանիքների հետ։ Եթե, իհարկե, խոսքը լսեն։

Թուրքիայի նախագահ Էրդողանին նա հին վառված քոթուկի նմանեցրեց, որ ծխում է ու ծխում, չի հանգչում։

Խոսելով Էրդողանի մասին՝ հիշեց նաեւ պատմության հին ու արյունոտ, այս անգամ ոչ թե տեսած, այլ լսած դեպքերը։ Իր հայրը Ղարսից է եղել, փոքր տարիքում գաղթել են, տեսել, թե հայ աղջիկներն իրենց ինչպես էին ցած նետում բարձունքից՝ թուրքին չհանձնվելու համար։ Թուրքերն էլ գրազ էին գալիս ու հղի կնոջ փորը բացում, որ տեսնեն՝ տղա՞ է, թե՞ աղջիկ, հաղթե՞ցին, թե՞ պարտվեցին։

Այս ամենը պատմեց ու աչքի պոչով հեռուստացույցին նայեց․ լուրերի թողարկումն էր, հետո մի քիչ ավելի ցածր ավելացրեց․ «Աստված ջան, դու օգնիր, հասնես մեր հայ ազգին, որովհետեւ քրիստոնեությունն առաջինը հայն է ընդունել, օգնիր ու տեր կանգնիր»։

Բուրաստան տատն այսօր շատ բան կցանկանար անել մեր զինվորների համար․ համով ճաշեր եփեր, ուղարկեր կամ տղերքի շորերը բերեր, լվանար, բայց չի կարող, գուլպա գործելով է օգնում։

Մեր զրուցակցի գործած գուլպաները, որոնք չի ուղարկել, քանի որ փոքր են զինվորների համար

«Աչքս լավ չի տեսնում, ձեռս արագ չի աշխատում, ակնոցով երկար մնում եմ, երբեմն գլուխս պտտվում է, հանում եմ գցում, առանց ակնոցի եմ անում, բայց պիտի օգնեմ՝ ինչքան կարող եմ, կարեւորը ցանկությունն է»,- նշեց նա։

Գուլպաներից բացի, տատին բացիկի մեջ զինվորներին ոգեւորող խոսքեր էլ է ուղարկել, հավատում է, որ հաղթելու ենք։

«Ձեզ մատաղ, զինվոր տղերք,

Մի զարկ տվեք թուրքի գանգին,

որ խորտակվի նա հիմնովին։

Բուրաստան տատ»։

Հ.Գ. Բուրաստան տատը սկզբում չէր համաձայնում մեզ հետ խոսել, հետո էլ չէր ուզում լուսանկարվել: Ասում էր՝ մարդիկ կարող են տեսնել ու մտածել, թե իրեն գովազդում է ու իր մասին վատ խոսքեր ասեն, ինչպես, օրինակ, շատերի մասին են ասում, իսկ ինքը գովազդի համար չի անում: