Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Հանդիպման ընթացքում ՀՀ փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել Թուրքիայի ուղիղ աջակցությամբ եւ Թուրքիայի կողմից բերված օտարերկրյա ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի եւ Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ ագրեսիան, անդրադարձել է արգելված զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության եւ կենսական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերին։

Փոխվարչապետն ընդգծել է որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հանցավոր գործողությունները, այդ թվում՝ տարածաշրջան ահաբեկչական խմբավորումների տեղափոխումը եւ խաղաղ բնակչության թիրախավորումը չեն կարող անարձագանք մնալ միջազգային հանրության կողմից եւ որ Արցախի ժողովրդի գոյութենական սպառնալիքը կարող է կանխվել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմամբ եւ իրականացմամբ։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է նաեւ, որ տարածաշրջանին սպառնացող հումանիտար աղետը կարող է կանխվել միմիայն Թուրքիայի եւ Ադրբեջանի հանցավոր գործողություններին ուղղված միջազգային պատշաճ արձագանքի միջոցով։

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին կառուցողական համագործակցության համար:

Կողմերը քննարկել են համատեղ իրականացվող «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր», «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար», «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ եւ պատասխանատու հանրային կառավարման միջոցով» բյուջետային աջակցության ծրագրերի ընթացքը, այդ թվում նաեւ առաջիկա մասհանումների իրականացման ուղղությամբ տարված աշխատանքները:

Փոխվարչապետը եւ ԵՄ դեսպանը գոհունակությամբ են նշել, որ արդեն ուժի մեջ են մտել երկու նոր բյուջետային աջակցության ծրագրեր՝ «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ 1» եւ «COVID-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր»:

Մհեր Գրիգորյանը նշել է նաեւ, որ չնայած կորոնավիրուսային համավարակի եւ ռազմական դրության պայմաններին Կառավարությունը նաեւ շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն ուղղված աշխատանքները: