Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նշենք, որ հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմ եւ բարեկամական բնույթով։ Հայ եւ հույն ժողովուրդները միահյուսված են դարերի խորքից եկող եղբայրական սերտ կապերով:

Հունաստանը հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը, եւ Հայաստանը մեծապես կարեւորում է գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն ուղղված ջանքերը:

Քաղաքական երկխոսություն

Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին: Երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցությունը զարգանում է դինամիկ կերպով եւ ընդգրկում է քաղաքական, պաշտպանության, առեւտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտներ: Երկու երկրների միջեւ առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ. Հայաստանը եւ Հունաստանը ունեն մինչ օրս ստորագրված ավելի քան 40 իրավական փաստաթուղթ:

Արդյունավետ գործում է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական եւ գիտական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։

Կանոնավոր բնույթ են կրում նաեւ քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ։

Միջխորհրդարանական հարաբերություններ

Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր։ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավարն է Մխիթար Հայրապետյանը, իսկ Հունաստանի խորհրդարանում՝ Դիմիտրիոս Մարկոպուլոսը։

1996թ. ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը որոշում է ընդունել 1915թ. ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին: 2014թ. սեպտեմբերի 9-ին ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ռասիզմի եւ այլատյացության դեմ օրինագիծը:

2015թ. մարտին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը:

Բազմակողմ համագործակցություն

Հայ-հունական հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում համագործակցությունը միջազգային հարթակներում եւ բազմակողմ ձեւաչափերի շրջանակներում: Թե՛ Հայաստանը եւ թե՛ Հունաստանը միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն հիմնականում համահունչ մոտեցումներ:

Հայաստանը մեծապես կարեւորում է ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգում Հունաստանի գործադրած հետեւողական ջանքերը:

Հունաստանը համահեղինակել է  2015թ. Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանին ՀՀ կողմից նախաձեռնված եւ առաջադրված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու» եւ 2018թ. Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ «Ցեղասպանության կանխարգելման» մասին բանաձեւերը:

Հայաստանն արժեւորում է նաեւ Հունաստանի գործուն դերակատարությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների եւ ՀՀ-ՆԱՏՕ երկխոսության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ խաղաղապահության բնագավառում համագործակցության տեսանկյունից։

ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հունաստանի խորհրդարանը վավերացրել է 2020թ․ հուլիսին 7-ին:

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցություն

Հայաստանի եւ Հունաստանի միջեւ սերտ համագործակցություն է ընթանում նաեւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափով։ 2019թ. հունիսի 4-ին Նիկոսիայում տեղի է ունեցել Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ընդգծվել է, որ եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջեւ լայն քաղաքական երկխոսության եւ համագործակցության միջոցով։

2019թ. սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարարների երկրորդ եռակողմ հանդիպումը։

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։