Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվորեն քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ): Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ Բելառուսը», հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

«Այս տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում) խաղաղապահության ակտիվ քննարկում է ընթանում», – ասել է գլխավոր քարտուղարը:

Ինչպես նշել է Զասը, նա հանգամանալից զրույց է ունեցել պետության ղեկավարի հետ այն իրավիճակի մասին, որը ստեղծվում է ՀԱՊԿ տարածաշրջանում: Մասնավորապես, կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման, Ղրղզստանում և Բելառուսում տիրող իրավիճակի մասին:

Իր հերթին, Բելտա գործակալության հաղորդմամբ, կազմակերպությունում նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումից հետո պաշտոնական դիմումներ ՀԱՊԿ մշտական աշխատանքային մարմիններին հայկական կողմից չեն ստացվել: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ Մշտական խորհրդին ներկայացվել է ՀՀ վարչապետի ուղերձը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները:

Ավելի վաղ գլխավոր քարտուղարն արդեն անհանգստություն էր հայտնել հակամարտության սրացման կապակցությամբ։ ՀԱՊԿ-ը կոչ է արել հակամարտության կողմերին հասնել խաղաղ կարգավորման և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից:

Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան, կազմակերպության բարձրագույն մարմինն է: Խորհրդի կազմում ընդգրկված են անդամ պետությունների ղեկավարները։ Նրա նիստերին կարող են մասնակցել արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Հոկտեմբերի 14-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական մասնագետների տեղակայման մասին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։