Էստոնիան կառավարության պահուստային ֆոնդից 100 000 եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը թեթեւացնելու համար, հաղորդում է Politika պորտալը:

«Լեռնային Ղարաբաղում առաջնագծի երկու կողմերում էլ իրավիճակը հումանիտար ճգնաժամի եզրին է, ուստի մենք չենք կարող պարզապես հանդիսատես մնալ»,- ասել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն: «Ես առաջարկել եմ կառավարությանը 100 000 եվրո հատկացնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը թեթեւացնելու համար, ինչին կառավարությունն աջակցել է»,- ասել է նա:

«Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները եւ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ երրորդ կողմերը չպետք է միջամտեն հակամարտությանը: Նա նշել է, որ Էստոնիան սատարում է բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցը բարձրացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում: