Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական մեծաթիվ զինված հարձակումներ տարբերակում չեն դնում ռազմական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի միջեւ, իսկ շատ դեպքերում դրանք ուղիղ թիրախավորում են խաղաղ բնակչությանը:

Արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վիրավորումներ են ստանում խաղաղ բնակիչներ: Ինչպես ինձ պարբերաբար տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, վերջիններս գտնվում են Արցախի տարբեր քաղաքներում ու գյուղերում, սակայն շարունակվող ագրեսիվ հարձակումների պաշտճառով բժշկական օգնության անձնակազմերը լիարժեք հնարավորություն չեն ունենում հասնել այդ վայրեր ու մարդկանց ցույց տալ անհրաժեշտ աջակցություն:

Ըստ արցախյան գործընկերոջս՝ Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են իրականացրել նաեւ շտապ բժշկական օգնության մեքենայի ու հոսպիտալի ուղղությամբ, որտեղ պաշտոնական տվյալների համաձայն՝ եղել են նաեւ քաղաքացիական անձինք: Պարբերաբար հայտարարվում է զինվորականների թվում զոհերի մասին:

Երեկ տեղի են ունեցել իմ հրատապ խորհրդակցությունները Հայաստանի իրավասու մարմինների հետ, իսկ Արցախում նույնն արել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Երկու դեպքում էլ ստացվել են վճռական հավաստիացումներ առ այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում րոպե առաջ են պատրաստ դիերի ու գերիների փոխանակման, ինչպես նաեւ անթույլատրելի են համարում նման մարդասիրական հնարավորության բացակայությունը: Ուսումնասիրությունը վկայում է, որ այս պատրաստակամությունը Հայաստանում ու Արցախում մշտապես արտահայտվում է նաեւ հրապարակայնորեն:

Առկա իրավիճակը միջազգային իրավունքի, մասնավորապես՝ 1949թ֊ի Ժնեւյան կոնվենցիաներում ամրագրված եւ սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող կոպիտ խախտում է: Սա խախտում է ոչ միայն վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաեւ անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ:

Միանում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ, ICRC) Եվրասիայի տարածաշրջանային տնօրենի հոկտեմբերի 13-ի հրապարակային մտահոգություններին մարդասիրական հրադադարի բացակայության եւ իրենց մարդասիրական առաքելությունն իրականացնելու պայմանների բացակայության կապակցությամբ: Մի քանի օր առաջ այս բոլոր հարցերի առնչությամբ խոսել եմ նաեւ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կլեր Մեյթրոյի հետ:

Անհրաժեշտ է րոպե առաջ, օր առաջ դադարեցնել այս արդեն բացարձակ անմարդկային դարձած վերաբերմունքը եւ ԿԽՄԿ-ի համար ապահովել իր մարդասիրական առաքելությունն իրականացնելու հնարավորություն բոլոր կողմերում: Ընդ որում, պետք է ապահովվի այդպիսի առաքելության ոչ թե ձեւական, այլ իրական հնարավորություն: